ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճած հավաքականների թիվն ավելացել է ևս մեկով

Ալժիրի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի 9-րդ տուրում վստահ հաղթանակ է տարել՝ արտագնա խաղում 3-0 հաշվով առավելության հասնելով Սոմալիի նկատմամբ։

Հանդիպման հերոսը դարձել է «Վոլֆսբուրգի» հարձակվող Մոհամեդ Ամուրան, որը դուբլի հեղինակ է դարձել՝ երկու անգամ օգտվելով Ռիյադ Մահրեզի փոխանցումներից (6-րդ և 57-րդ րոպեներ)։ Մահրեզը նաև անձամբ է գրավել դարպասը՝ 19-րդ րոպեին խփելով թիմի երկրորդ գոլը։

Այս հաղթանակով Ալժիրը, վաստակելով 22 միավոր, պահպանել է առաջատարի դիրքը G խմբում և ապահովել մասնակցությունը 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Նախորդաբար Աֆրիկայի մայրցամաքից մունդիալին արդեն որակավորվել էին Մարոկկոն, Թունիսը և Եգիպտոսը։