«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Gazzetta dello Sport»-ի հետ զրույցում խոսել է իր մոտիվացիայի և «Միլանի» նորեկ Լուկա Մոդրիչի օրինակելի կարիերայի մասին։
«Միլանյան դերբին երբեք անհատների պայքար չէ, այն առաջին հերթին «Ինտերի» և «Միլանի» դիմակայությունն է։ Բայց չեմ կարող չընդգծել՝ Մոդրիչը բացառիկ օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր իսկապես սիրում են ֆուտբոլը։ Նրա կարիերան ապացույց է, որ եթե ճիշտ ես մտածում և շարունակում ես աշխատել, կարող ես շատ երկար մնալ բարձր մակարդակում։ Կարծում եմ՝ նա դեռ 3-4 տարի կարող է խաղալ էլիտայում», — նշել է Մխիթարյանը։
Հայ կիսապաշտպանը նաև ընդգծել է, որ խորվաթ լեգենդը իրեն ուժ է տալիս շարունակելու խաղալ.
«Նա ինձ մոտիվացնում է չդադարել։ Չեմ ցանկանում հիմա խոսել իմ պայմանագրի մասին, որը լրանալու է այս ամռանը։ Պարզապես ուզում եմ խաղալ այնքան ժամանակ, որքան կարող եմ օգտակար լինել թիմին։ Երբ հասկանամ, որ այլևս նույն արդյունավետությունը չունեմ, պարզապես շնորհակալություն կհայտնեմ ու կհեռանամ»։
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը, ով երկար տարիներ պաշտպանել է Մադրիդի «Ռեալի» գույները, այս պահին 40 տարեկան է և շարունակում է հանդես գալ բարձր մակարդակով։