Վինիսիուս Ժունիորի տանը հրդեհ է բռնկվել

Մադրիդի արվարձանում հրդեհ է տեղի ունեցել «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի առանձնատանը։ Ինչպես հաղորդում են TeleMadrid-ն ու Marca-ն, կրակը բռնկվել է ֆուտբոլիստի տան սաունայում՝ էլեկտրական լարերի անսարքության հետևանքով։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ Ալկոբենդաս քաղաքի Լա Մորալեխա թաղամասում։ Հրդեհը ամբողջությամբ ոչնչացրել է տան նկուղային հատվածում գտնվող սաունան, իսկ ծուխը հասցրել է տարածվել մինչև երկրորդ հարկ։ Բարեբախտաբար, տուժածներ չեն գրանցվել։

Դեպքի պահին Վինիսիուսը գտնվում էր Բրազիլիայի ազգային հավաքականի ճամբարում՝ պատրաստվելով հոկտեմբերի 10-ին նախատեսված խաղին Հարավային Կորեայի, և հոկտեմբերի 14-ին՝ Ճապոնիայի դեմ։

25-ամյա բրազիլացի հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 8 հանդիպում՝ խփելով 5 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։