Արթուր Ոսկանյան. «Հայաստանի հավաքական հրավիրված գրեթե բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են»

PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Ոսկանյանի հետ:

Արթուր Ոսկանյանի հետ զրուցել ենք Հայաստանի ազգային հավաքականի Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի Հունգարիայի դեմ սպասվող հանդիպման մասին:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի ներկայիս կազմն ու հնարավորությունները:

– Իմ կարծիքով տվյալ պահին Հայաստանի հավաքական հրավիրված գրեթե բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են։ Շատ լավ է որ նրանցից շատերը խաղալով իրենց թիմերի հիմնական կազմում, մասնակցել են եվրագավաթների խաղերին։ Դա շատ մեծ փորձ է մեր տղաների համար։ Կարծում եմ ճիշտ կազմ ու ճիշտ մարտավարության դեպքում կարող ենք դրական արդյունքի հասնել։

– Օրեր հետո մրցելու ենք Հունգարիայի դեմ: Մեր մրցակիցը հայտնի է կարգապահ թիմային խաղով․ մեր ընտրանին ի՞նչ պետք է անի, որպեսզի հավասար պայքար մղի։

– Այո շատ դժվար է կարգապահ թիմի հետ խաղերում, ու դրա համար ես միշտ ասել եմ որ հավաքականը պետք է համբերատար ու կարգապահ լինի պաշտպանությունում և ունենա համբերատար ու թիմային խաղային ձեռագիր։ Կարողանա վերահսկել գնդակը, ստիպելով հակառակորդին խախտել կարգապահությունը և սխալվել պաշտպանությունում։ Մեր ֆուտբոլիստները տեխնիկապես լավ որակներով են օժտված և կարող են լավ վերահսկել գնդակը, և դիրքային գրոհներ կազմակերպել։

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է մոտենանք այս խաղին․ պաշտպանական ավելի փակ ֆուտբոլ, թե՞ հարձակվողական ոճ։

– Խաղի ընթացքում պետք է պատրաստ լինենք կատարելով խորը պաշտպանություն ու անցնել արագ հակագրոհների։ Բայց հիմնական մարտավարությունը պետք է լինի գնդակի վերահսկումը և դիրքային գրոհները։

– Ինչո՞վ կարող ենք փորձել զարմացնել Հունգարիային Բուդապեշտում։

– Իմ կարծիքով ճիշտ և երկար գնդակի վերահսկումը զայրույթ կառաջացնի տանը խաղացող հունգարացիների մոտ։