Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Էրլինգ Հոլանդի «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության լուրերին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է լրատվամիջոցների հաղորդագրություններին, որոնք վերաբերում էին «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի՝ «Քաղաքայինների» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու ցանկությանը։

«Չեմ կարծում, որ Էրլինգը բավականաչափ հիմար է, որպեսզի ստորագրի մի բան, որը չի ուզում անել: Բայց սա ֆուտբոլ է. ո՞վ գիտի, թե ինչ կարող է պատահել: Ոչ ոք չգիտի։

Նշեք ինձ մի ակումբ, որը չի երազի Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու մասին: Ես հասկանում եմ, որ «Բարսելոնան» երազում է Էրլինգի մասին, ինչպես աշխարհի մյուս բոլոր թիմերը: Եթե Էրլինգը «Մանչեսթեր Սիթիում» չլիներ, մենք նույնպես կերազեինք նրա մասին:

Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ կլինի հաջորդը: Գիտեմ, որ նա երկարաժամկետ պայմանագիր ունի: Կարծում եմ, որ նա հիանալի է խաղում և շատ գոլեր է խփում: Թիմը շատ է օգնում Էրլինգին և նրան շատ հնարավորություններ է տալիս գոլ խփելու», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն: