Միլանի երկու գլխավոր ակումբները՝ «Միլանը» և «Ինտերը», մոտ են պատմական «Սան Սիրո» մարզադաշտը քանդելու որոշմանը։ Քաղաքային իշխանությունները մի ժամանակ քննարկել էին մարզադաշտը վաճառելու տարբերակը երկու ակումբներին, որոնք տարիներ շարունակ այնտեղ են անցկացնում իրենց տնային խաղերը։
Իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերիի փոխանցմամբ՝ կողմերը մտադիր են հրաժարվել այս պահին անարդյունավետ համարվող ակտիվից և դրա փոխարեն կառուցել նոր, ժամանակակից մարզադաշտ, որը կարող է ընդունել նաև 2032 թվականի Եվրոպայի առաջնության հանդիպումներ։
Նախագծի համաձայն՝ նոր մարզադաշտի տարածքն ընդհանուր կլինի երկու ակումբների համար։
Նշենք, որ ընթացիկ Սերիա A-ում «Միլանը» հինգ խաղից հետո 12 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ «Ինտերը» հինգերորդն է՝ երեք միավորով պակաս։