Ուսման Դեմբելեն նշել է, թե ամենից շատ ում շնորհավորանքն է հուզել իրեն

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, ով օրեր առաջ արժանացավ «Ոսկե գնդակի» մրցանակին, պատմել է այն շնորհավորանքի մասին, որը նրա համար առանձնահատուկ է եղել։

«Ամենաշատը հուզեց Մեսսիի շնորհավորանքը։ Նա անձամբ ինձ հաղորդագրություն ուղարկեց մրցանակ ստանալուց հետո», – ասել է Դեմբելեն The Touchline-ին տված հարցազրույցում։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը և Լիոնել Մեսսին հանդես են եկել միասին «Բարսելոնայի» կազմում 2017-ից 2021 թվականներին։ Արգենտինացի աստղը, որը ռեկորդային ութ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», այժմ խաղում է ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում։

Հիշեցնենք, որ այս տարվա քվեարկությունում Դեմբելեն առաջ է անցել Լամին Յամալից, Վիտինյայից, Մոհամեդ Սալահից և Ռաֆինյայից, որոնք զբաղեցրել են երկրորդից հինգերորդ տեղերը։