Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը վստահ է, որ «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը «Ոսկե գնդակի» մրցանակից զրկվել է միայն իր երիտասարդ տարիքի պատճառով։
«Եթե Յամալը 23 տարեկանից մեծ լիներ, վստահ եմ, որ նա կստանար այդ մրցանակը։ Քանի որ նա ավելի երիտասարդ է, Լամինին շնորհվեց մեկ այլ մրցանակ՝ Կոպայի տիտղոսը», — Տեբասի խոսքերն է փոխանցում ESPN-ը։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձավ Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, ով 28 տարեկան է։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Յամալը, երրորդը՝ ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։ Չորրորդը դարձավ «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, հինգերորդը՝ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։