ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին ներկայացրել է ծրագիր, ըստ որի՝ 2030 թվականի աշխարհի առաջնությանը կարող են մասնակցել 64 հավաքական։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ ՖԻՖԱ-ն պատրաստ է ընդունել առաջարկը։ Նոր ձևաչափով մրցաշարում կլինի 16 խումբ՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Խմբերում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ։
Խաղերը կանցկացվեն Իսպանիայում, Պորտուգալիայում, Մարոկկոյում, Արգենտինայում, Պարագվայում և Ուրուգվայում։ Խմբային փուլի երեք հանդիպումները կկայանան Հարավային Ամերիկայի երկրներում, իսկ մնացածը՝ Եվրոպայում և Աֆրիկայում։
Նշենք, որ ՖԻՖԱ-ն արդեն մեկ անգամ ընդլայնել էր աշխարհի առաջնության մասնակիցների թիվը՝ 32-ից հասցնելով 48-ի։ 2026 թվականի առաջնությունը կլինի պատմության մեջ առաջինը, որին կմասնակցեն 48 հավաքականներ։