«Սանթոսի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վրդովմունք է հայտնել, որ իր ազգային հավաքականի հարձակվող Ռաֆինյան «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրեց հինգերորդ տեղը։
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն արժանացավ 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Երկրորդ տեղը գրավեց «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Երրորդ տեղը զբաղեցրեց ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան, իսկ չորրորդը՝ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։
«Ստորություն է», – գրել է Նեյմարը բրազիլացի մեկնաբան Էդուարդո Սեմբլանոյի սոցիալական ցանցերի գրառման մեկնաբանությունների բաժնում։
Նախորդ մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 57 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 34 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։ Բրազիլացին թիմի հետ նվաճել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։