Կարևոր տեղեկություն Ֆրենկի դե Յոնգի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» և թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ են նոր պայմանագիր կնքելուն, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

Ակումբի և նիդերլանդցի ֆուտբոլիստի միջև բանակցությունները հասել են վերջին փուլին․ կողմերը արդեն համաձայնեցրել են պայմանագրի հիմնական կետերը։ Նոր համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կգործի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Դե Յոնգի աշխատավարձը կնվազի, սակայն դա չի խանգարի գործարքի իրականացմանը․ կիսապաշտպանը ցանկանում է մնալ «Բարսելոնայում», իսկ կատալոնական ակումբը շարունակում է վստահել նրան։

28-ամյա Դե Յոնգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականից․ այդ ընթացքում նա անցկացրել է 263 խաղ, դարձել 19 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։