«Բավարիայի» դարպասապահը ծանր վնասվածք է ստացել

«Բավարիան» անորոշ ժամանակով զրկվել է դարպասապահ Յոնաս Ուրբիգից։ Հայտարարությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում։

Մյունխենյան ակումբի դարպասապահը մարզումից հետո մկանային անհարմարություններ է ունեցել։ Թիմի բժշկական անձնակազմը Ուրբիգի մոտ ախտորոշել է ազդրի վնասվածք։

Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը դեռևս անհայտ է։ Ուրբիգը «Բավարիայի» կազմում է այս ձմռանից։ Նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 13 խաղ՝ բաց թողնելով 18 գոլ։ Դարպասապահը չորս անգամ անառիկ է պահել դարպասը։

Գերմանիայի առաջնության չորս տուրից հետո «Բավարիան» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։