Դիեգո Մարադոնայի քույրերին մեղադրանք է առաջադրվել

Արգենտինայում դատարանը մեղադրանք է առաջադրել Դիեգո Մարադոնայի նախկին փաստաբան Մատիաս Մորլային և նրա երկու քույրերին՝ «Մարադոնա» ապրանքանիշի հետ կապված խարդախության համար, հայտնում է La Nacion-ը՝ հղում անելով դատական աղբյուրներին։

Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Մորլան և Մարադոնայի քույրերը մեղադրվում են ակտիվների կառավարման միջոցով խարդախություն իրականացնելու մեջ։ Դատական ընթացակարգի շրջանակում նրանց գույքը կարող է ենթարկվել բռնագրավման։

 

Գործը հարուցվել է Մարադոնայի դուստրերի պահանջով։ Նրանք պնդում են, որ «Մարադոնա» ապրանքանիշը, որը ղեկավարում էր Sattvica SA ընկերությունը, մահից հետո պետք է ամբողջությամբ անցներ ֆուտբոլիստի երեխաներին։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Մորլան ու Մարադոնայի քույրերը չեն կարող դիտվել որպես ժառանգներ։

 

Նախկինում La Nacion-ին տված հարցազրույցում գործով զբաղվող փաստաբաններից մեկը հայտնել էր, որ Մորլան ապրանքային նշանները փոխանցել է Մարադոնայի քույրերին՝ ըստ ֆուտբոլիստի անձնական խնդրանքի։ Նրա խոսքերով՝ այդ գործընթացից Մորլան նյութական օգուտ չի ստացել։

Դիեգո Մարադոնան կյանքից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկանում։