Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ESPN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հանդիպել է Նեյմարին և քննարկել նրա մասնակցության հնարավորությունը 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
«Մենք, իհարկե, չենք կասկածում Նեյմարի խաղային որակներին։ Բոլորը գիտեն նրա տաղանդը։ Բայց նրա տաղանդից օգտվելու համար նա պետք է լինի լավ ֆիզիկական վիճակում։ Եթե Նեյմարը գտնվի լավագույն պայմաններում, ապա հավաքականում հանդես գալու խնդիր չի լինի։ Բոլորը ցանկանում են նրան տեսնել թիմում։ Ես նրան ասացի․ «Դու ժամանակ ունես լավագույնս պատրաստվելու, որպեսզի այնտեղ լինես և օգնես թիմին փորձել լավագույնս հանդես գալ աշխարհի առաջնությունում», — ասել է Անչելոտին։
Իտալացի մասնագետը նշել է, որ Նեյմարը կարող է օգտագործվել հարձակողական կիսապաշտպանի կամ հարձակվողի դիրքում․
«Նա պետք է խաղա կենտրոնական հարձակվողի դիրքում, քանի որ ժամանակակից ֆուտբոլը պահանջում է ֆիզիկական որակներով հարձակվողների։ Դա շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ նա առանց խնդրի կարող է խաղալ նաև կիսապաշտպանի դիրքում»։
Հիշեցնենք, որ մոտ երկու տարի է՝ բրազիլական Սանթոսի հարձակվողը չի հրավիրվել ազգային հավաքական։