«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր համար հեշտ էր մարզել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեին։
«Շատ հեշտ է։ Նա ամբողջ տարվա ընթացքում ինձանից ոչինչ չի խնդրել՝ ոչ մի 11 մետրանոց հարված, ոչ մի խաղի երաշխիք, ոչ մի դիրքի փոփոխություն, ոչ մի տուգանային հարված… Ոչինչ։ Նա միշտ անթերի էր պահում իրեն՝ մեծ համեստությամբ։
Եվ միևնույն ժամանակ, նա անձնական տեսանկյունից ամենաբարձր մակարդակի մրցաշրջան ունեցավ՝ 44 գոլ։ Կարծում եմ, որ նրա երկրորդ մրցաշրջանն ավելի լավը կլինի: Մբապպեն հարմարվել է, և նրա թիմակիցները նրան շատ լավ գիտեն», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Կիլիան Մբապպեն «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել ՊՍԺ-ից 2024 թվականի ամռանը։ 2024/25 մրցաշրջանում ֆրանսիացին «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 59 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 44 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։
Այս մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը Իսպանիայի առաջնությունում անցկացրած 4 խաղում խփել է 4 գոլ։