«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը կավարտի կարիերան

Ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին, որը հայտնի է «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի կազմերում հանդես գալով, պատրաստվում է վերջնականապես հրաժեշտ տալ ֆուտբոլին։

RMC Sport-ի տեղեկություններով՝ 31-ամյա ֆուտբոլիստը այս օրերին այցելել է «Լիոնի» մարզաբազա, սակայն այցը պայմանավորված չի եղել նոր պայմանագրով։ Ումտիտին այնտեղ գտնվել է անձնական նկարահանումների համար, որոնք, ըստ ամենայնի, կապված են իր կարիերայի ավարտի մասին հայտարարության հետ։

Ֆուտբոլիստի վերջին պաշտոնական հանդիպումը կայացել է 2024 թվականի հունվարին՝ «Լիլի» կազմում։ Աշխարհի 2018 թվականի չեմպիոնն արդեն երկար ժամանակ հանդես չի գալիս և ներկայումս ազատ գործակալ է։

Իր կարիերայի ընթացքում Ումտիտին երկու անգամ նվաճել է Իսպանիայի առաջնության տիտղոսը «Բարսելոնայի» հետ, սակայն նրա ամենամեծ ձեռքբերումը մնում է 2018 թվականի աշխարհի գավաթը, որը նա բարձրացրել է Ֆրանսիայի հավաքականի կազմում։