Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հանդիպեց Իռլանդիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով` 2-1 հաշվով։
Հանդիպման ընթացքում 11 մետրանոցը վստահ իրացնելով՝ Էդուարդ Սպերցյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ 10 գոլի սահմանագիծը հատած 6-րդ ֆուտբոլիստը։ Հոբելյանական գոլը նա խփեց իր 36-րդ խաղում՝ զիջելով միայն Հենրիխ Մխիթարյանին, որին նույն ցուցանիշին հասնելու համար պահանջվել էր 35 հանդիպում։
Մխիթարյանն իր 10-րդ գոլը խփել էր 2012 թվականի նոյեմբերի 14-ին՝ Լիտվայի դեմ Երևանում կայացած ընկերական խաղում, 23 տարեկան 298 օրականում։ Այդպես նա դարձավ հավաքականի պատմության մեջ 10 գոլի սահմանագիծը հատած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Սպերցյանը 25 տարեկան 94 օրականում իրացրեց իր հոբելյանական գոլը՝ դառնալով ցուցանիշով երկրորդը։
Հիշեցնենք, որ Սպերցյանը հավաքականում գոլերի հաշիվը բացել էր նորամուտի խաղում։ 2021 թվականի մարտի 31-ին Երևանում աշխարհի առաջնության ընտրական խաղում Հայաստանի ընտրանին ընդունել էր Ռումինիան, և ընդմիջումից հետո խաղադաշտ մտած Սպերցյանը 11 րոպե անց գրավեց Ֆլորին Նիցեի դարպասը՝ բացելով հաշիվը։