Կիլիան Մբապպեն ցանկանում է «Ռեալում» տեսնել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին

Ֆրանսիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկություն է հայտնել, որ իր հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Մայքլ Օլիսեն տեղափոխվի իսպանական գրանդ։

Defensa Central-ի հաղորդմամբ՝ Կիլիան Մբապպեն անձամբ Մայքլ Օլիսեին ասել է այդ մասին։ «Եռագույնների» ավագը Օլիսեի թեկնածությունը առաջարկել է նաև «Արքայական» ակումբի գլխավոր սկաուտ Ջունի Կալաֆաթին։

Նշվում է, որ այս պահին Օլիսեի ձեռքբերումը «Ռեալ Մադրիդի» համար առաջնահերթություն չէ՝ թիմում բավարար թվով հարձակվողների պատճառով։

Նախորդ մրցաշրջանում Օլիսեն մասնակցել է բոլոր մրցաշարերում 55 հանդիպման, որոնցում խփել է 20 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։