«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալեքսանդր Սորլոտը հերքել է ակումբից հեռանալու մտադրության մասին լուրերը։
«Լուրերը շատ զարմացրին ինձ։ Ես «Ատլետիկոյում» դժբախտ չեմ զգում։ Լուրերը մի բան են, որի հետ պետք է ապրել որպես ֆուտբոլիստ։ Գրվել են բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Ես ուրախ եմ խաղալ աշխարհի ամենամեծ և լավագույն ակումբներից մեկում։
Մենք դժվար մեկնարկ ենք ունեցել մրցաշրջանում, բայց վստահ ենք, որ կարող ենք շրջադարձ կատարել», – 29-ամյա նորվեգացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» կազմում հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից։ 2024/25 մրցաշրջանում նորվեգացին բոլոր մրցաշարերում անցկացրած 53 խաղում խփել է 24 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։