Վենեսուելայի հավաքականի մարզիչ. «Ես մտադիր եմ փչացնել Լիոնել Մեսսիի հրաժեշտի շոուն»

Վենեսուելայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Բատիստան կիսվել է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Արգենտինայի հետ արտագնա խաղի վերաբերյալ իր սպասումներով՝ խոսելով հատկապես մրցակից թիմի առաջատար Լիոնել Մեսսիի մասին։

Ավելի վաղ 38-ամյա Մեսսին ասել էր, որ Վենեսուելայի հետ խաղը կարող է լինել իր վերջին տնային խաղը ազգային հավաքականի կազմում։

«Մենք մրցելու ենք աշխարհի լավագույն թիմի հետ։ Մենք նախապես գիտեինք, որ սա կարող է լինել Լեոյի վերջին պաշտոնական խաղը որակավորման փուլում Արգենտինայի հավաքականի հետ։ Ամեն դեպքում, նրանից բացի, մենք տեսնում ենք մարզչի Լիոնել Սկալոնիի ուժը, ով գիտի, թե ինչպես կառուցել այնպիսի կառուցվածք, որը գործի անկախ նրանից, թե ով է դաշտում։

Իմ գաղափարը միշտ նույնն է՝ մտածել մրցակցի դարպասի մասին. եթե միայն պաշտպանվես, երկարաժամկետ հեռանկարում դա վատ կավարտվի։ Չգիտեմ, թե քանի մարզիչ է արդեն մտածել, թե ինչպես կանգնեցնել Մեսսիին։ Մենք նույնպես կփորձենք։ Ես այստեղ եմ, որպեսզի փչացնեմ այս Մեսսիի տոնը՝ լավ իմաստով։ Մենք հարգում ենք այս իրադարձության հետ կապված ամեն ինչ, բայց մենք պայքարում ենք Աշխարհի առաջնության ուղեգրի կամ առնվազն փլեյ-օֆֆի խաղերի համար», – Բատիստայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Արգենտինայի և Վենեսուելայի ազգային հավաքականների միջև խաղը կկայանա սեպտեմբերի 5-ի գիշերը Բուենոս Այրեսում։