Անգլիայի չորրորդ դիվիզիոնի «Գրիմսբի Թաունը» 20 հազար ֆունտ ստեռլինգով տուգանվել է՝ Լիգայի գավաթի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում անօրինականորեն ֆուտբոլիստ օգտագործելու համար։
Օգոստոսի 27-ին կայացած երկրորդ փուլի խաղում, որը «Գրիմսբիի» դաշտում ավարտվեց 2:2 հաշվով և հետխաղյա հարվածաշարում տանտերերի հաղթանակով (12:11), 73-րդ րոպեին դաշտ էր դուրս եկել Քլարք Օդուրը։ Սակայն նրա գրանցման հայտը ակումբը ներկայացրել էր սահմանված ժամկետից մեկ րոպե ուշ։
Ակումբը խախտման մասին հայտնել էր ինքնուրույն՝ հաջորդ օրը։ Վերջնական որոշմամբ «Գրիմսբի Թաունը» տուգանվել է 20 հազար ֆունտով, որի կեսը պայմանական է՝ ուժի մեջ մինչև մրցաշրջանի ավարտը։
Գավաթի երրորդ փուլում թիմը կմրցի «Շեֆֆիլդ Ուենսդեյի» հետ։