Չավին կարող է թոփ ակումբ գլխավորել

Լևերկուզենի «Բայերը» սեպտեմբերի 1-ին, հենց աշնան առաջին օրը, հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի պաշտոնանկության մասին։

Հոլանդացի մասնագետը լքեց ակումբը Բունդեսլիգայի ընդամենը երկու տուրից հետո, ինչը պատմական հակառեկորդ է լևերկուզենյան թիմի համար։ Այժմ «դեղագործները» նոր գլխավոր մարզիչի որոնումներում են։ Sky Germany-ի տեղեկություններով՝ գլխավոր թեկնածուն Չավին է, ով ազատ գործակալի կարգավիճակում է 2023/24 մրցաշրջանի ավարտից ի վեր, երբ հեռացավ «Բարսելոնայից»։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը «Բայերի» համար անհաջող էր․ առաջին տուրում թիմը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Հոֆենհայմին», իսկ երկրորդում արտագնա խաղում 3:3 հաշվով ոչ-ոքի խաղաց «Վերդերի» հետ։

«Բայերի» հաջորդ մրցավեճը կայանալու է սեպտեմբերի 12-ին՝ Լևերկուզենում, «Այնտրախտի» դեմ։