Daily Mail-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը նախատեսում է մնալ թիմում առնվազն ևս մեկ մրցաշրջան։
29-ամյա խաղացողը մտադիր է Անգլիայում հանգիստ նախապատրաստվել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, իսկ մրցաշարից հետո պատրաստ կլինի դիտարկել կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ։ Հավանական ուղղություններ են Սաուդյան Արաբիան, MLS-ը և եվրոպական առաջատար ակումբները։
Ֆերնանդեշը «Յունայթեդում» հանդես է գալիս 2020-ի ձմեռային տրանսֆերային պատուհանից։ Այս ընթացքում նա անցկացրել է 290 խաղ, խփել 98 գոլ և կատարել 86 գոլային փոխանցում։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։