PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Ոսկանյանի հետ։
Արթուր Ոսկանյանի հետ զրուցել ենք Հայաստանի ազգային հավաքականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումների մասին, ինչպես նաև գլխավոր մարզչի պաշտոնում Եղիշե Մելիքյանի նշանակման մասին։
«Ես միշտ ասել եմ իմ կարծիքը, որ հավաքականը պետք է գլխավորի հայ մասնագետ։ Մասնագետ ով լավ ճանաչում է հայ ֆուտբոլիստներին, նրանց որակներն ու ունակությունները։ Շատ կարևոր է իմանալ հայ ֆուտբոլիստների մենտալիտետը և հոգեբանությունը։ Հիմա Եղիշե Մելիքյանն է։ Նա երկար ժամանակ աշխատում է Հայաստանում և խաղացել է ազգային հավաքականում։ Դա շատ կարևոր է։
Պորտուգալիայի հետ խաղը շատ դժվար է լինելու ու առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել թիմային պաշտպանության վրա։ Պորտուգալիան շատ որակով անհատներ ունի, և վերջին տարիներին կարողանում է այդ անհատներով խաղալ թիմային ֆուտբոլ, որը դժվարություն է առաջացնում մրցակիցների մոտ։ Մեր հավաքականին պետք է լավ պաշտպանվել և օգտագործել հակագրոհները։ Բայց շատ կարևոր է, որ Պորտուգալիայի հետ խաղում արդեն ունենանք խաղային ձեռագիր, որը շատ օգտակար կլինի Իռլանդիայի հետ խաղում։
Իռլանդիան ուժային ֆուտբոլ սիրող թիմ է և պաշտպանությունում ավելի կարգապահ է ու առանձնանում է արագ գրոհներով և հակագրոհներով։ Իռլանդիայի հետ խաղում մեզ ավելի շատ պետք կգա դիրքային գրոհները, և գրոհից արագ պաշտպանության անցումը։ Հավաքականը նոր մարզիչ ունի և իմ կարծիքով դա պետք է դրական ազդի թիմի վրա։ Հաջողություն մաղթենք մեր հավաքականին»,- նշել է Արթուր Ոսկանյանը։