«Արսենալի» 15-ամյա ֆուտբոլիստը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

«Արսենալի» 15-ամյա կիսապաշտպան Մաքս Դոմանը դարձել է Պրեմիեր Լիգայի խաղին մասնակցած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հայտնում է Squawka-ն։

Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի՝ «Լիդսի» դեմ խաղում (5-0)։ Խաղի օրը Դոմանը 15 տարեկան և 235 օրական էր։

Պրեմիեր Լիգայի խաղում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը «Արսենալի» մեկ այլ ֆուտբոլիստ է՝ Իթան Նվաների, որը խաղադաշտ է դուրս եկել 15 տարեկան և 181 օրական հասակում։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի առաջին երկու տուրերից հետո Լոնդոնի «Արսենալը» գլխավորում է առաջնությունը՝ վաստակելով վեց միավոր։ Նշենք, որ «զինագործները» ոչ մի գոլ բաց չեն թողել։