Լռությունը խախտվեց. «Նյուքասլը» հայտարարություն է տարածել Ալեքսանդր Իսակի վերաբերյալ

«Նյուքասլը» մեկնաբանել է թիմի հարձակվող Ալեքսանդր Իսակի գրառումը, որում ֆուտբոլիստը խոսել է թիմի կազմում իր իրավիճակի մասին։

«Մենք հիասթափված ենք Ալեքսանդր Իսակի այսօրվա սոցիալական ցանցերում արված գրառումից։

Ի պատասխան՝ կարող ենք հաստատել, որ Ալեքսը պայմանագիր ունի, և որ ակումբի ոչ մի ներկայացուցիչ որևէ երաշխիք չի տվել, որ Ալեքսը կկարողանա լքել «Նյուքասլը» այս ամռանը։

Մենք ցանկանում ենք պահպանել մեր լավագույն խաղացողներին, բայց նաև հասկանում ենք, որ խաղացողներն ունեն իրենց ցանկությունները, և մենք լսում ենք նրանց կարծիքը։

Ինչպես բացատրել ենք Ալեքսին և նրա ներկայացուցիչներին, ցանկացած որոշում կայացնելիս միշտ պետք է հաշվի առնենք «Նյուքասլի», թիմի և մեր երկրպագուների շահերը։ Եվ մենք հստակեցրել ենք, որ վաճառքի պայմանները չեն փոխվել այս ամռանը։

Մենք չենք սպասում, որ այդ պայմանները կկատարվեն։ Սա հպարտ ֆուտբոլային ակումբ է՝ հպարտ ավանդույթներով, և մենք հանձնառու ենք պահպանել ընտանեկան մթնոլորտը։ Ալեքսը մնում է մեր ընտանիքի անդամ, և մենք անհամբեր սպասում ենք նրան վերադարձնելուն, երբ նա պատրաստ լինի միանալ իր թիմակիցներին», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Իսակը գրել էր, որ ակումբը խախտել է իր խոստումները և կորցրել է իր վստահությունը։