«Լիվերպուլի» երկրպագուն զրկվել է Մեծ Բրիտանիայի բոլոր մարզադաշտերից՝ ռասիստական արտահայտությունների համար։
Օգոստոսի 15-ին «Լիվերպուլը» 4-2 հաշվով հաղթեց «Բորնմութին» 2025/26 մրցաշրջանի մեկնարկային խաղում։ Հանդիպումը դադարեցվեց առաջին խաղակեսում, երբ տրիբունաներից մեկից հնչեցին ռասիստական վիրավորանքներ։
«Բորնմութի» հարձակվող Անտուան Սեմենյոն տեղեկացրեց մրցավար Էնթոնի Թեյլորին, որ ենթարկվել է ռասիստական վիրավորանքների։ Դրանից հետո խաղը ընդհատվեց 28-րդ րոպեին, իսկ մի քանի րոպե անց՝ վերսկսվեց։
Պարզվել է, որ իրավախախտը «Լիվերպուլի» անվասայլակով երկրպագու էր։ Նրան դուրս են բերել տրիբունաներից։
Մերսիսայդի ոստիկանությունը հայտնել է, որ 47-ամյա տղամարդը ձերբակալվել է ռասայական վիրավորանքների կասկածանքով, իսկ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Գրավի պայմաններով նրան արգելվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի որևէ ֆուտբոլային խաղի և մոտենալ ցանկացած մարզադաշտ մեկ մղոնի (1,6 կմ) սահմաններում։