Նեյմար․ «Երկրպագուներն իրավունք ունեն մեզ վիրավորելու»

Բրազիլիայի առաջնության 20-րդ տուրում «Սանտոսը» սեփական հարկի տակ ծանր պարտություն է կրել՝ 0:6 հաշվով զիջելով «Վասկո դա Գամային»։ Հանդիպումից հետո թիմի ավագ Նեյմարը կտրուկ գնահատական է տվել տեղի ունեցածին։

«Այսօր մենք ահավոր խաղ ցուցադրեցինք։ Դա խայտառակություն է։ Երկրպագուներն իրավունք ունեն մեզ քննադատելու և վիրավորելու։ Ես ամաչում եմ։ Կյանքումս երբեք նման բան չէի զգացել», – ասել է 33-ամյա հարձակվողը։

Նեյմարը խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը, իսկ վերջնական սուլիչից հետո անգամ արտասվել է խաղադաշտում։ 0:6 հաշվով պարտությունը «Սանտոսի» համար դարձել է ակումբի պատմության ամենախոշոր տնային պարտությունը։