Սանդրո Պերկովիչ. «Շատ հարցերում բախտը մեզ չի ժպտացել»

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և կիսապաշտպան Գոռ Մանվելյանը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղից առաջ «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ մասնակցել են մամուլի ասուլիսին։

Պերկովիչը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ ընդգծելով նրանց աջակցության կարևորությունը։

«Այդ աջակցությունն անկյունաքար է այս դիմակայությունում, և հուսով եմ՝ խաղից հետո միասին կտոնենք հաջողությունը։ «Լինկոլնի» հետ լավ հանդիպում անցկացրինք, խփեցինք 4 գոլ, բայց, ցավոք, դրանցից 3-ը չհաշվեցին։ Շատ հարցերում բախտը մեզ չի ժպտացել, սակայն մեր արդյունքներում խնդիր չեմ տեսնում։ Հուսով եմ՝ կանցնենք հաջորդ փուլ», — ասել է նա։