«Ռեալը» հետաքրքրված է անգլիացի կիսապաշտպանի ծառայություններով

«Քրիսթալ Փելասի» 21-ամյա կիսապաշտպան Ադամ Ուորթոնը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» դիտակետում։ Անգլիացու նկատմամբ «սերուցքայինների» հետաքրքրության մասին խոսք էր գնացել դեռ նախորդ մրցաշրջանում։

Mail Sport-ի տեղեկություններով՝ իսպանական գրանդի ներկայացուցիչները շարունակում են ուշադիր հետևել նրա առաջընթացին։ Մադրիդի սկաուտները բազմիցս այցելել են Անգլիա՝ անձամբ դիտելու «Արծիվների» ֆուտբոլիստի խաղը և, ըստ ամենայնի, չեն հիասթափվել։ Ուորթոնը շարունակում է մնալ ակումբի տրանսֆերային նպատակների թվում։

Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։