Ալվարո Կարերաս. «Նրա հետ խաղալով ֆուտբոլն ավելի հեշտ է դառնում»

«Ռեալ Մադրիդի» ձախ պաշտպան Ալվարո Կարերասը «Լոս Բլանկոսի» կազմում իր առաջին խաղից հետո պատասխանել է Կիլիան Մբապեի մասին հարցին։ Երեքշաբթի օրը Խաբի Ալոնսոյի թիմը ընկերական խաղում հաղթել է Ավստրիայի «Տիրոլին» (4-0)։

Կարերասը խաղացել է մինչև 63-րդ րոպեն։ Եզրափակիչ սուլիչից հետո լրագրողները նորեկին հարցրել են Մբապպեի մասին, ով խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

«Ես միշտ ասել եմ, որ Կիլիանի նման թիմակիցների հետ խաղալը շատ հաճելի է, նրա հետ խաղալով ֆուտբոլն ավելի հեշտ է դառնում։ Այնուամենայնիվ, ես ինձ հարմարավետ եմ զգում «Ռեալ Մադրիդի» բոլոր խաղացողների հետ, այդ թվում՝ Վինիսիուսի և Հոյսենի, որոնց հետ խաղում եմ եզրում և պաշտպանությունում։ Ես շատ ուրախ եմ», – ասել է Կարերասը հարցազրույցում։

Օգոստոսի 19-ին «Ռեալ Մադրիդը» տանը կխաղա «Օսասունայի» դեմ Լա լիգայի առաջին տուրում։