«Ռեալ Մադրիդը» գերխոշոր առաջարկ է ստացել Կիլիան Մբապպեի համար

Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբներից մեկը մտադիր է պայմանագիր կնքել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեի հետ։ Սաուդցիները պատրաստ են հսկայական գումարներ վճարել աստղային ֆրանսիացու համար։ Այս մասին հաղորդում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը, որի անունը չի նշվում, դիմել է «սերուցքայինների» ղեկավարությանը ռեկորդային՝ 350 միլիոն եվրո առաջարկով։ «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ չէ բաց թողնել Մբապեին նույնիսկ այդքան գումարի դիմաց։ Ֆուտբոլիստն ինքը նույնպես չի ցանկանում շարունակել կարիերան Սաուդյան Արաբիայում։

Անցյալ մրցաշրջանում Կիլիան Մբապեն մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 59 խաղում խփել է 44 գոլ։ Նա նաև կատարել է հինգ գոլային փոխանցում։ Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։