«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պաշտոնապես զրկվել է թիմի ավագի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ կարգապահական վարույթի շրջանակում, որը սկսվել է Տեր Շտեգենի դեմ, և մինչ այդ գործընթացի վերջնական արդյունքը, «Բարսելոնան»՝ մարզական ղեկավարության և մարզչական շտաբի հետ համատեղ, որոշում է ընդունել ժամանակավորապես հեռացնել նրան ավագի պարտականություններից։
Թիմի նոր ավագ է նշանակվել ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն, որը մինչ այս եղել է փոխավագ։
Հիշեցնենք, որ վեճը ծագել է այն բանից հետո, երբ Տեր Շտեգենը հրաժարվել է ստորագրել իր վնասվածքի վերաբերյալ բժշկական եզրակացությունը։ Այդ փաստաթուղթը անհրաժեշտ էր, որպեսզի Լա Լիգան թույլ տար «Բարսելոնային» գրանցել թիմի նորեկ Ժոան Գարսիային՝ գերմանացու աշխատավարձի մի մասը որպես պահուստային ռեսուրս օգտագործելով։