Իտալիայում մրցավարները կբացատրեն իրենց կայացրած որոշումները

Իտալիայի Ա և Բ սերիաների մրցավարական բաժնի ղեկավար Ջանլուկա Ռոկկին հայտնել է, որ 2024/25 մրցաշրջանից սկսած՝ իտալացի մրցավարները VAR-ի միջամտությունից հետո մարզադաշտում հրապարակային կբացատրեն իրենց որոշումները։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։

«Մենք մանրակրկիտ նախապատրաստվել ենք այս նորամուծությանը։ Ցանկանում ենք, որ մրցավարների խոսքը հասկանալի և պարզ լինի երկրպագուների համար։ Ժամանակային սահմանափակումներ չեն լինելու. յուրաքանչյուր մրցավար ազատ է իր ոճում և լեզվով արտահայտվելու մեջ։ Այնուամենայնիվ, նախատեսում ենք մշակել և ստանդարտացնել որոշ արտահայտություններ», – նշել է Ռոկկին։

Նման մեխանիզմ ֆուտբոլում կիրառվում է վերջին տարիներին։ Սկզբնական փուլում մրցավարները պարզապես ազդարարում էին VAR-ի որոշումը՝ առանց մանրամասների։

Սակայն ժամանակի ընթացքում կանոնները մեղմացվել են, և այժմ որոշ դեպքերում նրանք նաև կարճ բացատրություն են տալիս կայացված որոշման վերաբերյալ։