«Ռեալի» կիսապաշտպանն անվճար կտեղափոխվի այլ ակումբ

«Ռեալ Մադրիդի» հարձակվողական կիսապաշտպան Ռեյնիերը տեղափոխվում է Բրազիլիա։ Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ 23-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում։

Աղբյուրի համաձայն՝ Ռեյնիերը «Լոս Բլանկոսից» նոր ակումբ կտեղափոխվի անվճար, իսկ իսպանացիները կպահպանեն խաղացողի ապագա վաճառքի 50 տոկոսի իրավունքները։

Ռեյնիերը «Ռեալին» միացել էր 2020 թվականին՝ տեղափոխվելով «Ֆլամենգոյից» 30 միլիոն եվրոյով։ Այնուհետև բրազիլացին վարձավճարով հանդես է եկել «Բորուսիա Դորտմունդի», «Ժիրոնայի», «Ֆրոզինոնեի» և վերջերս «Գրանադայի» կազմում։ Նա երբեք չի խաղացել Մադրիդի գլխավոր թիմում։

Transfermarkt-ի տվյալներով՝ Ռեյնիերի ներկայիս տրանսֆերային արժեքը 1.5 միլիոն եվրո է։