Մադրիդի «Ատլետիկոն» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Մարկ Կասադոյի ծառայություններով, հաղորդում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հիացած է 21-ամյա իսպանացու խաղով և վստահ է, որ Կասադոն կարող է գերազանցորեն ներդրվել իր մարտավարական սխեմաներում։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով բացառված չի համարում Կասադոյի հնարավոր վաճառքը, սակայն ֆուտբոլիստը ցանկություն չունի լքել ակումբը և պատրաստ է պայքարել հիմնական կազմի համար։
Նախորդ մրցաշրջանում Կասադոն մասնակցել է 36 խաղի, խփել 1 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թ. ամառը, իսկ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 մլն եվրո։