«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը այս ամռանը Սաուդյան Արաբիայից առաջարկ չի ստանա։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը՝ նշելով, որ տարածաշրջանի ակումբները տրանսֆերային շուկայում զգալիորեն կրճատել են ծախսերը։
Աղբյուրի համաձայն՝ դա կապված է 2026 թվականի Աշխարհի առաջնության հետ․ ֆուտբոլիստներն այժմ գերադասում են մնալ եվրոպական բարձրակարգ առաջնություններում՝ խուսափելով ոչ մրցունակ միջավայր տեղափոխվելուց։
Թեև նախկինում Սաուդյան ակումբները կապ են հաստատել բրազիլացի հարձակվողի հետ և նույնիսկ պատրաստակամություն են հայտնել նրա համար վճարել 300 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 200 միլիոն եվրո, այս տրանսֆերային պատուհանում որևէ կոնկրետ առաջարկ չի սպասվում։
25-ամյա Վինիսիուս Ժունիորը գործող պայմանագիր ունի «արքայական» ակումբի հետ մինչև 2027 թվականի ամառը։