Ջեյդոն Սանչոյի հնարավոր տեղափոխությունը «Յուվենտուս» ձախողման վտանգի տակ է հայտնվել։ Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, թուրինյան ակումբը պետք է նախ ազատվի մեկ խաղացողից, որպեսզի կարողանա իրականացնել գործարքը։
Աղբյուրի տվյալներով՝ «Յուվենտուսը» բանակցություններ է վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն առաջընթաց գրանցելու համար հարկավոր է վաճառել հարձակվող Նիկո Գոնսալեսին։ Արգենտինացու հանդեպ մարզչական շտաբը հաջորդ մրցաշրջանում հույսեր չի կապում, իսկ նրա վաճառքը կարող է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովել Սանչոյին ձեռք բերելու համար։
Թուրինյան ակումբի գլխավոր տնօրեն Դամիեն Կոմոլին ընդգծել է, որ Սանչոյի գնման հարցը դիտարկվելու է միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի վաճառել Գոնսալեսին։
Ներկայումս «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև բանակցությունները դադարեցված են։ Transfermarkt-ի համաձայն՝ Սանչոյի շուկայական արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։