«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին ավագի թևկապից զրկելու հնարավորության մասին հարցին։
«Ավագներին միշտ որոշում է թիմը, ինչպես դա լինում էր նախորդ մրցաշրջաններում։ Սովորաբար՝ մրցաշրջանի մեկնարկից երկու շաբաթ առաջ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
«Բարսելոնան» մեկ օր առաջ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ դարպասապահը հաջողությամբ ենթարկվել է մեջքի ստորին հատվածի վիրահատության։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ 33-ամյա ֆուտբոլիստի վերականգնողական շրջանը կարող է տևել 4 ամիս։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն կատալոնական ակումբը այլևս հույսը չի դնում Մարկ-Անդրե տեր Շտեգենի վրա։ Կա հավանականություն, որ նա ձմռանը կտեղափոխվի այլ թիմ՝ 2026 թվականի աշխարհի առաջնությունից առաջ կանոնավոր խաղաժամանակ ստանալու համար։