«Մանչեսթեր Յունայթեդն» արգելել է ակումբի երեք լեգենդների անուններով մարզաշապիկների տպագրությունը

«Մանչեսթեր Յունայթեդը» տեղեկացրել է, որ այլևս չի կարող վաճառել լեգենդար ֆուտբոլիստների՝ Կրիշտիանու Ռոնալդուի, Դևիդ Բեքհեմի և Էրիկ Կանտոնայի անուններով մարզաշապիկներ։

Ակումբը հուլիսին ներկայացրել էր 2025/26 մրցաշրջանի նոր մարզահագուստը, սակայն երկրպագուներից մեկը ակումբի պաշտոնական խանութում նկատել էր հայտարարություն, ըստ որի՝ «լիցենզավորման սահմանափակումների պատճառով հնարավոր չէ տպագրել Կանտոնայի, Բեքհեմի և Ռոնալդուի անունները»։

Այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ներկայացրել են ակումբի ներկայացուցիչները The Sun-ի հետ զրույցում՝ պարզաբանելով, որ նշված ֆուտբոլիստները պահպանում են իրենց անունների և կերպարի օգտագործման իրավունքը։ Այդ պատճառով ակումբը չի կարող դրանք օգտագործել առանց ֆուտբոլիստների հատուկ համաձայնության։

Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է երկու փուլով՝ 2003–2009 և 2021–2022 թվականներին։ Դևիդ Բեքհեմը ներկայացրել է թիմը 1992-ից մինչև 2003 թվականը, իսկ Էրիկ Կանտոնան՝ 1992-ից 1997 թվականը։