ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին շարունակում է մնալ Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր թիրախներից մեկը հարձակման գծում կազմի ուժեղացման համար։ La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է փարիզյան ակումբի ղեկավարությանը, որ պատրաստ է վերադառնալ Իտալիա՝ մերժելով այլ ակումբներից ստացած առաջարկները։
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը կողմ է Կոլո Մուանիի վերադարձին, իսկ ակումբի սպորտային տնօրեն Դամյեն Կոմոլին նախապատրաստում է նոր առաջարկ։ Այն ներառում է 10 միլիոն եվրո վարձավճար և պարտադիր գնման իրավունք՝ որոշակի պայմանների կատարման դեպքում։ Ըստ աղբյուրի՝ գործարքի ընդհանուր արժեքը կարող է գերազանցել 40 միլիոն եվրոն, սակայն ՊՍԺ-ն համառորեն պնդում է՝ պահանջելով լիարժեք գնման երաշխիք։
2023/24 մրցաշրջանում Կոլո Մուանին արդեն ծանոթ է եղել թուրինյան մթնոլորտին. «Յուվենտուսի» կազմում նա մասնակցել է 22 հանդիպման՝ խփելով 10 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։
Transfermarkt-ը 25-ամյա հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։ Եթե կողմերը կարողանան հասնել համաձայնության, Կոլո Մուանիի տեղափոխությունը կարող է դառնալ «Յուվենտուսի» ամենակարևոր ամառային ձեռքբերումներից մեկը։