«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարձր է գնահատել իր երիտասարդ թիմակցի՝ Լամին Յամալի ունեցած առաջընթացը։ Sport.es-ի փոխանցմամբ՝ փորձառու հարձակվողը ընդգծել է, որ չնայած Յամալի տարիքին, նա արդեն լիարժեք խաղացող է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
«Չնայած իր տարիքին, նա այլևս երեխա չէ՝ ո՛չ խաղադաշտում, ո՛չ էլ դրանից դուրս։ Նա կարող է խաղալ ավելի լավ, քան անցյալ տարի։ Եվ ամեն տարի նա կարող է էլ ավելի առաջադիմել։ Վստահ կարող եմ ասել, որ Լամինը դեռ ամբողջությամբ չի բացահայտել իր ներուժը»,- նշել է Լևանդովսկին։
17-ամյա վինգերը նախորդ մրցաշրջանում դարձել է կատալոնական ակումբի առանցքային խաղացողներից մեկը։ Յամալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 55 հանդիպման՝ խփելով 18 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։
Նրա կայուն առաջընթացը և բարձր արդյունավետությունը վկայում են այն մասին, որ Լևանդովսկու կանխատեսումները հեռու չեն իրականությունից։