ՊՍԺ-ն փոխհատուցում կվճարի Ջանլուիջի Բուֆոնին

Փարիզի վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել ի օգուտ իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի՝ պարտավորեցնելով Փարիզի ՊՍԺ-ին վճարել 250 հազար եվրո փոխհատուցում։ Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական L’Équipe պարբերականը։

Բուֆոնը պահանջել էր փոխհատուցում՝ հիմք ընդունելով իր պայմանագրի դրույթը, ըստ որի՝ իտալական հարկային մարմինների կողմից 2018 թվականի եկամուտների ճշգրտման դեպքում ՊՍԺ-ն պարտավոր էր փոխհատուցել այդ գումարի 50%-ը՝ մինչև 250 հազար եվրոյի սահմանում։ Նշված հարկային ճշգրտումը վերաբերել է այն ժամանակահատվածին, երբ Բուֆոնը հանդես էր գալիս Թուրինի «Յուվենտուսում» և ՊՍԺ-ում։

Դեռևս ավելի վաղ աշխատանքային վեճերի հարցերով դատարանը որոշել էր բավարարել իտալացու պահանջը, սակայն ՊՍԺ-ն բողոքարկել էր այդ որոշումը՝ ապարդյուն։ Վերաքննիչ ատյանը ևս հաստատել է նախորդ որոշումը։

Այնուամենայնիվ, Բուֆոնը չի կարողացել ստանալ լրացուցիչ 25 հազար եվրո՝ որպես «վիրավորական դիմադրության» փոխհատուցում։

Հիշեցնենք, որ Ջանլուիջի Բուֆոնը ՊՍԺ-ի կազմում հանդես է եկել 2018–2019 թվականներին՝ նախքան վերադառնալը «Յուվենտուս»։