«Ատալանտան» այս ամռանը աշխատում է հարձակվող Ադեմոլա Լուկմանի վաճառքի վրա։ «Բերգամասկիները» ցանկանում են 50 միլիոն եվրո ստանալ նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը։
Աղբյուրի տվյալներով՝ եթե իտալական ակումբը վաճառի Լուկմանին, ապա ստացված գումարից 15 միլիոն եվրոն կծախսի «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզային ձեռք բերելու համար։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Մերսիսայդների» ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Յուվենտուսը», «Նապոլին» և «Ֆեներբախչեն»։
Նախորդ մրցաշրջանում Կիեզան մասնակցել է բոլոր մրցաշարերում 14 խաղի, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։