«Ունիվերսիտատեա Կլուժի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» դեմ սպասվող հանդիպման մասին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։

Հանդիպումից առաջ ռումինական թիմի գլխավոր մարզիչ Իոան Սաբեուն խոսել է մրցակցի մասին՝ ընդգծելով այն կարևոր տարրերը, որոնցում իր թիմը պետք է առավելություն ունենա՝ հաղթանակ ապահովելու համար։

««Արարատ-Արմենիան» նոր մարզչական շտաբով թիմ է՝ բրազիլացի և պորտուգալացի խաղացողներով, որոնք առանձնանում են բարձր անհատական որակներով։ Դիտել ենք նրանցից մեկ հանդիպում և կարողացել ենք որոշակի վերլուծություն կատարել։

Մենք պետք է համապատասխանենք մրցաշարի մակարդակին՝ ինչպես հոգեբանական պատրաստվածությամբ, այնպես էլ մոտիվացիայով։ Խաղացողներից ակնկալում եմ խիզախություն՝ որոշումներ կայացնելու հարցում։

Թեև դեռ լավագույն մարզավիճակում չենք, սակայն, հաշվի առնելով, որ արդեն երկու հանդիպում ենք անցկացրել առաջնությունում, դա կարող է նույնիսկ առավելություն լինել» , – մասնագետի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։