ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի՝ «Փյունիկ» – «Դյոր» հանդիպման նախաշեմին երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսում խոսել է մրցակցի մասին, նշել թիմի նպատակներն ու հատուկ ուղերձ հղել երկրպագուներին։
«Մեր մրցակիցը լուրջ ուժ է, բայց վստահ եմ՝ նրանք էլ նույնը մտածում են մեր մասին։ Գիտենք՝ այստեղ եկել են հաղթելու նպատակով, սակայն մենք կանենք ամեն ինչ, որ թույլ չտանք դա։ Մենք շատ ենք ցանկանում հաղթել ու անցնել հաջորդ փուլ», – ասել է Մելիքյանը։
Նա առանձնահատուկ ընդգծել է երկրպագուների դերը թիմի խաղում․
«Երկրպագուներին խնդրում եմ վաղը մեզ աջակցել։ Մեր ֆուտբոլիստները զգում են այդ աջակցությունը, ու դա նրանց տալիս է լրացուցիչ էներգիա։ Երբ զգում ենք մեր հանդիսականների ներկայությունը, մեր խաղացողները միացնում են իրենց տուրբոն»։
Հիշեցնենք, որ «Փյունիկ» – «Դյոր» հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին, ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։