«Բարսելոնան» չի պատրաստվում գերազանցել 60 միլիոն եվրոյի շեմը Լուիս Դիասի տրանսֆերի համար՝ չնայած «Լիվերպուլի» կոլումբիացի եզրային հարձակվողի հանդեպ հետաքրքրությանը։ Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Դեկուն և գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հավանություն են տվել գործարքին, սակայն ֆինանսական սահմանափակումները շարունակում են խոչընդոտ հանդիսանալ։
Լա Լիգայի 1:1 կանոնակարգի պահպանման անհրաժեշտությունը ստիպում է «Բարսային» խուսափել ավելի բարձր առաջարկներից։ Եթե մրցակից ակումբներ, օրինակ՝ «Բավարիան», ներկայացնեն 75-80 միլիոն եվրոյի չափի առաջարկներ, կատալոնացիները կդիտարկեն այլ տարբերակներ։
Դիասը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 50 հանդիպման, խփել 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ գործում է մինչև 2027 թվականը, իսկ Transfermarkt-ի գնահատմամբ՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։