«Ռեալ Մադրիդի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մոտ երեք ամիս չի կարողանա հանդես գալ՝ ձախ ուսի վիրահատությունից հետո։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստն անցել է հաջող վիրաբուժական միջամտություն՝ պարբերական հոդախախտի պատճառով, որը նա ստացել էր դեռևս 2023 թվականի նոյեմբերին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ հանդիպման ժամանակ։
Բելինգհեմը նախընտրել էր վիրահատությունից խուսափելու այլընտրանքային բուժում՝ հնարավորություն ստանալով շարունակել մասնակցել խաղերին, սակայն վերջում որոշում է կայացվել վիրահատության անհրաժեշտության վերաբերյալ։
Անցած մրցաշրջանում անգլիացի կիսապաշտպանը «Ռեալի» կազմում մասնակցել է 58 խաղի՝ բոլոր մրցաշարերում խփելով 15 գոլ և կատարելով նույնքան գոլային փոխանցում։