Էնցո Մարեսկան` ՊՍԺ-ի դեմ խաղի մարտավարության մասին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան բացահայտել է այն մարտավարական լուծումները, որոնք վճռորոշ դեր են խաղացել ՊՍԺ-ի դեմ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղում՝ 3։0 հաշվով հաղթանակում։

Մարեսկայի խոսքով՝ իրենց ծրագրի առանցքը ՊՍԺ-ի կենտրոնական գոտու կառուցվածքն էր.

«ՊՍԺ-ն գործում էր երեք կիսապաշտպանով։ Նրանցից երկուսը հետևում էին Ռիս Ջեյմսին և Մոյսես Կայսեդոյին, իսկ Վիտինյան աշխատում էր Էնցո Ֆերնանդեսի դեմ։ Մենք համարեցինք, որ սա հրաշալի հնարավորություն է Քոուլ Պալմերի և Մալո Գյուստոյի համար՝ օգտագործելու բաց տարածքները։ Սա էր մեր ռազմավարությունը»։

Իտալացի մասնագետը գոհունակությամբ ընդգծել է իր թիմի տպավորիչ մեկնարկը.

«Կարծում եմ՝ մենք հաղթեցինք խաղը հենց առաջին տասը րոպեների ընթացքում։ Այդ հատվածում մենք կարողացանք թելադրել տեմպը և ճնշել մրցակցին։ Թեև եղանակային պայմանները բարդացնում էին դա, տղաները կարողացան պահել ինտենսիվությունը»։

Մարեսկան հատուկ շնորհակալություն է հայտնել իր խաղացողներին՝ հաղթանակը նրանց արժանի աշխատանքի պտուղը համարելով։

Հիշեցնենք, որ «Չելսին» ակումբի պատմության ընթացքում երկրորդ անգամ նվաճեց Աշխարհի ակումբային առաջնության տիտղոսը՝ առաջինը նոր ձևաչափով։