Կառլո Անչելոտտին` իր նկատմամբ Իսպանիայի դատարանի կայացրած վճռի մասին

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է իր նկատմամբ Իսպանիայի դատարանի կայացրած վճիռը՝ մեկ տարվա պայմանական ազատազրկման վերաբերյալ՝ հարկային խարդախության գործով։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

«Ես երբեք նպատակ չեմ ունեցել խաբելու պետությանը հարկերի հարցում։ «Ռեալ Մադրիդի» հետ ես բանակցում էի միմիայն իմ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձի շուրջ։ Ինչ վերաբերում է իմիջային իրավունքներին, ապա դրանք մարզիչների համար նույնքան կարևոր չեն, որքան խաղացողների, քանի որ ակումբները մարզիչների անունով մարզաշապիկներ չեն վաճառում», – նշել է Անչելոտտին։

Իտալացի մասնագետը ընդգծել է, որ իր միակ ֆինանսական հարցը եղել է պայմանագրով սահմանված աշխատավարձը․ «Իմիջային իրավունքներն ինձ առանձնապես չեն հետաքրքրել։ Ես քննարկել եմ միայն իմ աշխատավարձը՝ մեկ մրցաշրջանի համար, և ոչ ավելին»։

Հիշեցնենք, որ Անչելոտին Իսպանիայի հարկային մարմինների կողմից մեղադրվում էր եկամուտների մի մասի չհայտարարելու մեջ՝ իր առաջին՝ 2013-2015 թթ. «Ռեալ Մադրիդում» աշխատանքի ժամանակաշրջանի համար։